Ղուկաս 5:5-11

Ղուկաս 5:5-11 ՆՎԱԱ

Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ Եվ երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ լցվեցին, ու նրանց ուռկանները պատռվում էին։ Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։ Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանզի ահը պատեց նրան և բոլորին, ովքեր նրա հետ էին, այն ձկների համար, որ բռնել էին. նույնպես և Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք Սիմոնի ընկերներն էին։ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։ Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։