Ղուկաս 3

3
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մտթ. 3.1-12, Մրկ. 1.1-8, Հովհ. 1.19-28)
1Տիբերիոս կայսեր կառավարման տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, և Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետն իտուրացիների և տրաքոնացիների երկրում, Լյուսանիասը՝ չորրորդապետն Աբիլենեի, 2Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ 3Նա եկավ Հորդանանի բոլոր կողմերը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունը քարոզելով, 4ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է.
«Անապատում կանչողի ձայնն է.
"Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը,
ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։
5 Ամեն ձոր թող լցվի,
և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն.
շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն,
և խորդուբորդները՝ հարթ դառնան։
6 Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի"» (Ես. 40.3-5)։
7Եվ ժողովրդի այն բազմություններին, որոնք դուրս էին եկել նրանից մկրտվելու, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ 8Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. "Մենք Աբրահամին մեզ հայր ունենք"։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։ 9Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։ 10Եվ ժողովուրդը նրան հարցնում էր. «Հապա ի՞նչ անենք»։ 11Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ով երկու հագուստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»։ 12Մաքսավորները եկան մկրտվելու ու նրան ասացին. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։ 13Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածից ավելին մի՛ պահանջեք»։ 14Զինվորներն էլ էին նրան հարցնում. «Հապա մե՞նք ինչ անենք»։ Նրանց էլ ասաց. «Ոչ մեկի մի՛ հարստահարեք, ոչ էլ զրպարտություն արեք. ձեր վարձո՛վ բավարարվեք»։
15Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում մտածում էին Հովհաննեսի մասին. «Գուցե Քրիստոսը նա՞ է»։ 16Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։ 17Հոսելին իր ձեռքին է, և նա իր կալը կսրբի, ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի»։ 18Եվ ուրիշ շատ բաներ հորդորելով քարոզում էր ժողովրդին։ 19Բայց Հերովդես չորրորդապետը, որ Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի համար և բոլոր չար գործերի համար, որ արել էր, 20այդ ամենին սա էլ ավելացրեց. Հովհաննեսին բանտում փակեց։
Հիսուսի մկրտությունը
(Մտթ. 3.13-17, Մրկ. 1.9-11)
21Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց, 22և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Հիսուսի ազգաբանությունը
(Մտթ. 1.1-17)
23Երբ Հիսուսը իր գործն սկսեց, երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, Հեղիի, 24Մատթատի, Ղևիի, Մեղքիի, Հաննեի, Հովսեփի, 25Մատաթիայի, Ամովսի, Նավումի, Եսղիի, Նանգեի, 26Մաաթի, Մատաթիայի, Սեմեիի, Հովսեփի, Հուդայի, 27Հովհաննայի, Րեսայի, Զորաբաբելի, Սաղաթիելի, Ներեիի, 28Մեղքիի, Ադդեիի, Կովսամի, Եղմովդադի, Էրի, 29Հովսեսի, Եղիազարի, Հովրիմի, Մատթատի, Ղևիի, 30Սիմեոնի, Հուդայի, Հովսեփի, Հովնանի, Եղիակիմի, 31Մելիայի, Մայնանի, Մատտաթայի, Նաթանի, Դավթի, 32Հեսսեի, Օվբեդի, Բոոսի, Սաղմոնի, Նաասոնի, 33Ամինադաբի, Արամի, Եսրոնի, Փարեսի, Հուդայի, 34Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Թարայի, Նաքովրի, 35Սերուքի, Ռագավի, Փաղեկի, Եբերի, Սաղայի, 36Կայնանի, Արփաքսադի, Սեմի, Նոյի, Ղամեքի, 37Մաթուսաղայի, Ենովքի, Հարեդի, Մաղաղիելի, Կայնանի, 38Ենովսի, Սեթի, Ադամի, և նա՝ Աստծու։

Արդեն Ընտրված.

Ղուկաս 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում