Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի» ։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ ։
Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։ Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։ Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց. «Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։
Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը,
որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։
Լույս՝ հեթանոսներին լուսավորելու,
և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։
Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։ Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։
Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։ Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։ Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։
Նրա ծնողներն ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում։ Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, նրանք, տոնի սովորության համաձայն, Երուսաղեմ գնացին։ Երբ տոնակատարության օրերը լրացան, և նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը Երուսաղեմում մնաց. նրա ծնողները չիմացան այդ մասին։ Կարծելով, թե նա ուղեկիցների հետ է, մեկ օրվա ճանապարհ եկան, ապա նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ Երբ նրան չգտան, հետ դարձան Երուսաղեմ՝ նրան փնտրելու։ Երեք օր հետո նրան գտան տաճարում վարդապետների մեջտեղում նստած. լսում էր նրանց ու հարցեր տալիս։ Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։ Երբ ծնողները նրան տեսան, ապշեցին։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես արեցիր. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»։ Իսկ նրանք չհասկացան այն խոսքը, որ իրենց ասաց։ Եվ նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նրանց հնազանդ էր։ Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով։