Ղուկաս 19:28-48

Ղուկաս 19:28-48 ՆՎԱԱ

Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։ Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։ Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։ Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։ Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։ Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։ Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։ Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։ Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։ Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա ու ասաց. «Գոնե այսօր դու էլ իմանայիր ինչպե՛ս խաղաղություն գտնել։ Բայց հիմա այն քո աչքերից ծածկված է։ Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։ Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը»։ Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։ Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի" , իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։ Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել։ Եվ միջոց չէին գտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր։