Ղուկաս 18:18-28

Ղուկաս 18:18-28 ՆՎԱԱ

Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ինչո՞ւ ես "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։ Պատվիրանները գիտես՝ "Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը" »։ Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։ Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»։ Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։