Ղուկաս 13:22-35

Ղուկաս 13:22-35 ՆՎԱԱ

Հիսուսը շրջում էր քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ և ուսուցանում էր։ Եվ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ։ Մեկը նրան ասաց. «Տե՛ր, մի՞թե փրկվողները քիչ են»։ Իսկ նա ասաց նրանց. «Ջանացեք նե՛ղ դռնով ներս մտնել, որովհետև, ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար"։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. "Չգիտեմ, թե որտեղի՛ց եք"։ Այն ժամանակ կսկսեք ասել. "Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր"։ Եվ կասի. "Ձեզ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձանից, բոլո՛ր անիրավություն գործողներդ։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ու բոլոր մարգարեներին տեսնեք Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս շպրտված։ Եվ արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից կգան, Աստծու արքայության սեղանին կնստեն։ Եվ ահա այդ ժամանակ վերջինները առաջիններ կլինեն, և առաջինները՝ վերջիններ»։ Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան ու նրան ասացին. «Ե՛լ և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ Եվ նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդ օրը կավարտեմ։ Եվս երկու օր և երրորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև մարգարեն Երուսաղեմից դուրս չի սպանվի։ Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ՝ մարգարեներին կոտորող ու քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող. քանի՜ անգամ ցանկացա քո որդիներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը կավերվի, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այլևս ինձ չեք տեսնի, մինչև ժամանակը գա, որ ասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" »։