Ղուկաս 13:1-17

Ղուկաս 13:1-17 ՆՎԱԱ

Նույն ժամանակ ոմանք եկան ու պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց զոհաբերություն մատուցելու ժամին և այդ կերպ նրանց արյունը խառնեց զոհաբերված կենդանիների արյան հետ։ Հիսուսը նրանց ասաց. «Կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին, ավելի մեղավո՞ր էին մյուս գալիլեացիներից։ Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փլվեց ու սպանեց նրանց։ Կարծում եք, թե նրանք Երուսաղեմում բնակվողներից ավելի հանցավո՞ր էին։ Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք»։ Այս առակն էլ ասաց. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։ Եվ այգեպանին ասաց. "Ահա երեք տարի է, ինչ գալիս եմ այդ թզենու վրայից պտուղ հավաքելու, բայց չեմ գտնում. կտրի՛ր այն, ինչո՞ւ հողը զբաղեցնի"։ Իսկ նա պատասխանեց. "Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։ Թերևս պտուղ տա, ապա թե ոչ եկող տարի կկտրես այն"»։ Հիսուսը շաբաթ օրը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։ Եվ ահա մի կին կար, որ տասնութ տարուց ի վեր տառապում էր չար ոգուց. կծկված էր և բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Հիսուսը, նրան տեսնելով, իր մոտ կանչեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունից ազատված ես»։ Եվ ձեռքը նրա վրա դրեց. նա իսկույն ուղղվեց ու փառաբանում էր Աստծուն։ Իսկ ժողովրդապետը, շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկեց, ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործել. արդ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, այլ ոչ թե շաբաթ օրը»։ Տերը նրան ասաց. «Կեղծավո՛ր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրն իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում, տանում ջուր տալիս։ Իսկ սա, Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, պետք չէ՞ր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։ Եվ երբ նա այս ասաց, նրա բոլոր հակառակորդները ամոթահար եղան։ Եվ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն փառավոր գործերի համար, որ կատարվում էին նրա կողմից։