Երբ նա խոսում էր այս, մի փարիսեցի նրան խնդրում էր, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։ Փարիսեցին, տեսնելով, զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվեց։ Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Անմիտնե՛ր, չէ՞ որ արտաքինը ստեղծողը ներքինն էլ է ստեղծել։ Սակայն ձեր ունեցածից ողորմությո՛ւն տվեք, և ամեն բան ձեզ համար մաքուր կլինի։ Բայց վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի տասանորդ եք տալիս, իսկ Աստծու արդարությունն ու սերը զանց եք առնում. նախ այս պետք էր անել, իսկ դրանք զանց չառնել։ Վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում առաջին աթոռներն եք սիրում, իսկ հրապարակներում՝ ողջույնները։ Վա՛յ ձեզ, որ գերեզմանների պես աննկատ եք, և մարդիկ չգիտեն, որ դրանց վրայով են քայլում»։
Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։ Նա ասաց. «Ձեզ՝ օրենսգետներիդ էլ վա՛յ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այդ բեռներին չեք դիպչում։ Վա՛յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, իսկ նրանց ձեր հայրերն են սպանել։ Այդ կերպ վկայում եք, որ հավանություն եք տալիս ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին նրանց, իսկ դուք նրանց գերեզմաններն եք շինում։ Դրա համար Աստծու իմաստությունն ասել է. "Նրանց մոտ մարգարեներ ու առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն ու հալածեն", որպեսզի բոլոր մարգարեների արյունը, որ աշխարհի սկզբից թափվել է, այս սերնդից պահանջվի։ Աբելի արյունից մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանի և տաճարի միջև սպանվեց, այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից պիտի պահանջվի։ Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ, որ վերցրել եք գիտության բանալին. ինքներդ չեք մտել, մտնողներին էլ արգելել եք»։
Երբ նա դուրս ելավ, դպիրներն ու փարիսեցիներն սկսեցին սաստիկ թշնամանք ցուցաբերել և նրան բազում հարցումներ անել։ Նրա դեմ որոգայթ էին լարում՝ փորձելով նրա բերանից մի խոսք որսալ՝ ամբաստանելու համար։