Ղուկաս 11:14-36

Ղուկաս 11:14-36 ՆՎԱԱ

Հիսուսը մի դև էր հանում, որով բռնված մարդը համր էր։ Երբ դևը դուրս ելավ, համրը խոսեց, և ժողովուրդը զարմացավ։ Նրանցից ոմանք ասացին. «Դա դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով է դևերին հանում»։ Ուրիշներն էլ փորձելու համար նրանից երկնքից նշան էին խնդրում։ Բայց նա, նրանց մտքերը իմանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ է բաժանված, ավերվում է, և տունը, որ իր մեջ է բաժանված, կործանվում է։ Եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվի, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա. որովհետև դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում։ Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ձեր որդիներն ո՞ւմ միջոցով են հանելու։ Դրա համար նրա՛նք կլինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։ Երբ զինված հզոր մարդը պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։ Բայց եթե նրանից ավելի զորավորը գա ու նրան հաղթի, կհանի նրա զենքերը, որոնց վրա հույս էր դրել, ու նրա ավարն էլ կբաժանի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է ելնում, անջրդի տեղերում է շրջում ու հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա"։ Եվ գալիս, այն մաքրված ու հարդարված է գտնում։ Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։ Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։ Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։ Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրան ուրիշ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ Որովհետև ինչպես Հովնանը նինվեացիների համար նշան եղավ, այնպես էլ Մարդու Որդին այս սերնդի համար նշան կլինի։ Հարավի թագուհին դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետև նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից է՛լ ավելի մեծը կա։ Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնում, ոչ էլ գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ աչքդ մաքուր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե չար է, մարմինդ խավար կլինի։ Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագն է իր ճառագայթով լուսավորում քեզ»։