Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։ Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։
Եվ Մարիամն ասաց.
«Թող իմ անձը Տիրոջը փառավորի։
Իմ հոգին ցնծաց
իմ Փրկիչ Աստծով,
որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց,
և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։
Որովհետև Հզորն ինձ համար
մեծամեծ գործեր արեց.
և սուրբ է նրա անունը։
Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ
իրենից երկյուղածների վրա է։
Իր բազկով զորություն ցույց տվեց,
ցրեց ամբարտավաններին՝
իրենց սրտի խորհուրդներով։
Զորավորներին աթոռներից իջեցրեց
ու խոնարհներին բարձրացրեց։
Քաղցածներին բարիքներով լիացրեց
ու հարուստներին դատարկ արձակեց։
Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
ինչպես որ ասել է մեր հայրերին
Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ
հավիտյան»։
Մարիամը նրա մոտ մնաց գրեթե երեք ամիս և իր տուն վերադարձավ։
Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։
Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում, բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։ Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։ Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։ Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։ Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։
Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց.
«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։
Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար
փրկության եղջյուր կանգնեցրեց,
ինչպես որ դարեր առաջ
իր սուրբ մարգարեների բերանով ասել էր.
Փրկություն կտա մեր թշնամիներից,
բոլոր մեզ ատողների ձեռքից,
ողորմություն կանի մեր հայրերին
և կիրականացնի իր սուրբ ուխտը։
Պահեց այն երդումը,
որ տվել էր մեր հայր Աբրահամին,
որպեսզի մեզ արժանավորի,
մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո
իրեն աներկյուղ պաշտենք՝
որպես մեր կյանքի բոլոր օրերին
նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։
Եվ դու, ո՛վ մանուկ,
Բարձրյալի մարգարե պիտի կոչվես,
որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝
նրա ճանապարհները պատրաստելու,
որպեսզի նրա ժողովրդին,
մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։
Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝
ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝
խավարում և մահվան ստվերում
նստողներին լույս տալու
և մեր ոտքերը
դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։
Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։