Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ի՛նչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը, և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։ Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո ասածի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրա մոտից։
Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։ Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։
Եվ Մարիամն ասաց.
«Թող իմ անձը Տիրոջը փառավորի։
Իմ հոգին ցնծաց
իմ Փրկիչ Աստծով,
որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց,
և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։
Որովհետև Հզորն ինձ համար
մեծամեծ գործեր արեց.
և սուրբ է նրա անունը։
Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ
իրենից երկյուղածների վրա է։
Իր բազկով զորություն ցույց տվեց,
ցրեց ամբարտավաններին՝
իրենց սրտի խորհուրդներով։
Զորավորներին աթոռներից իջեցրեց
ու խոնարհներին բարձրացրեց։
Քաղցածներին բարիքներով լիացրեց
ու հարուստներին դատարկ արձակեց։
Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
ինչպես որ ասել է մեր հայրերին
Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ
հավիտյան»։
Մարիամը նրա մոտ մնաց գրեթե երեք ամիս և իր տուն վերադարձավ։