ՂԵՎՏԱԿԱՆ 8

8
Ահարոնի և իր որդիների օծումը
(Ելք 29.1-37)
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին իր հետ և զգեստները, օծության յուղը, մեղքի զոհի զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը 3և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։ 4Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։ 5Մովսեսն ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ պատվիրեց Տերը, որ արվի»։ 6Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։ 7Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին կապեց գոտին, պատմուճանը հագցրեց նրան, դրա վրա դրեց եփուդը և եփուդի ժապավենով գոտևորեց նրան ու դրանով զգեստավորեց նրան։ 8Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։ 9Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
10Մովսեսն առավ օծության յուղը, օծեց վրանն ու դրա մեջ եղած ամեն բան և սրբագործեց դրանք։ 11Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։ 12Նա օծության յուղից թափեց Ահարոնի գլխին, օծեց նրան, որպեսզի սրբագործի։ 13Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր#8.13 Ապարոշ։ փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
14Մոտեցրեց մեղքի զոհի զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի զոհի զվարակի գլխին, 15և մորթեց այն։ Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։ 16Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա։ 17Իսկ զվարակը, այսինքն՝ դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
18Եվ մոտ բերեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։ 19Մովսեսը մորթեց այն և դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։ 20Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը։ 21Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
22Մոտ բերեց մյուս խոյը, այսինքն՝ ձեռք նվիրագործելու խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին, 23և մորթեց այն։ Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ 24Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։ 25Առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ զիստը։ 26Եվ Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղով հունցված մի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի վրա և աջ զիստի վրա։ 27Նա այդ ամենը դրեց Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք երերացրեց նրանց՝ որպես երերացնելու զոհ Տիրոջ առաջ։ 28Ապա Մովսեսը, դրանք վերցնելով նրանց ձեռքերի վրայից, այրեց զոհասեղանի վրա դրված ողջակեզի վրա։ Դրանք նվիրագործելու համար անուշահոտ զոհաբերություն էին Տիրոջը։ 29Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 30Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրայի արյունից, շաղ տվեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրանց զգեստների վրա։ Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։
31Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք ժողովի վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերե՛ք այն, նաև սակառի միջի հացերը, որ նվիրագործելու համար են, ինչպես պատվիրվեց ինձ՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։ 32Իսկ մսից և հացից ավելացածն այրե՛ք կրակով։ 33Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր է հարկավոր ձեր նվիրագործման համար։ 34Ինչպես որ արվեց այսօր, Տերը պատվիրել է այդպես անել ձեր քավության համար։ 35Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։ 36Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում