ՂԵՎՏԱԿԱՆ 26:23-33

ՂԵՎՏԱԿԱՆ 26:23-33 ՆՎԱԱ

Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից և խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Ես ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը. և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ես ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և թշնամու ձեռքը կմատնվեք։ Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։ Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Դուք կուտեք ձեր որդիների ու ձեր աղջիկների միսը։ Կքանդեմ ձեր Բարձր տեղերը, կփչացնեմ ձեր արեգական կուռքերը, ձեր դիակները կդնեմ ձեր կուռքերի դիակների վրա, և իմ անձը պիտի զզվի ձեզնից։ Ձեր քաղաքները ավերակ, ձեր սրբավայրերն ամայի կդարձնեմ և ձեր զոհաբերությունների անուշ հոտը չեմ հոտոտի։ Կամայացնեմ երկիրը, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան դրա վրա։ Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։