Հուդա 1:17-25

Հուդա 1:17-25 ՆՎԱԱ

Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախկինում ասված խոսքերը. որովհետև ասում էին ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրող մարդիկ կլինեն, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։ Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որոնք Հոգին չունեն։ Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։ Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։ Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ։ Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։ Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ, այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։