ՀԵՍՈՒ 6:6-14

ՀԵՍՈՒ 6:6-14 ՆՎԱԱ

Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։ Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։ Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։ Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։ Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։ Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։ Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։ Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։