Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։ Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։ Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։ Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։ Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։ Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։
Այնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։ Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։ Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։
Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։