ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:22-35

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:22-35 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը և իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր։ Իսկ Հովհաննեսը Այենոնում՝ Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար. մարդիկ գալիս էին ու մկրտվում, քանի որ Հովհաննեսը դեռ չէր բանտարկվել։ Եվ ահա Հովհաննեսի աշակերտների և մի հրեայի միջև մաքրության մասին վեճ ծագեց։ Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռա՛բբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»։ Հովհաննեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ Դուք ինքներդ վկա եք իմ ասածներին. "Ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել"։ Ով հարս ունի, նա է փեսան, բայց փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է փեսայի ձայնը. արդ այս է իմ ուրախությունը, և այժմ այն կատարյալ է։ Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ փոքրանա։ Նա, որ գալիս է ի վերուստ, ամենքից վեր է. իսկ երկրից ելնողը երկրավոր է ու երկրային բաներից է խոսում. երկնքից եկողն ամենքից վեր է։ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է։ Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված Հոգին ըստ չափի չի տալիս։ Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։