ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:4-12

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:4-12 ՆՎԱԱ

Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։ Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն։ Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատռվեց։ Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։