ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:31-38

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:31-38 ՆՎԱԱ

Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։