Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։
Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։ Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։ Արդ այն հրեաները, որ նրա հետ տանն էին ու մխիթարում էին նրան, երբ տեսան, որ Մարիամը շուտափույթ վեր կացավ գնաց, իրենք ևս հետևեցին նրան՝ կարծելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։
Հիսուսն արտասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպե՜ս էր նրան սիրում»։ Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։