ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42 ՆՎԱԱ

Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային (որ "Քրիստոս" է նշանակում)»։ Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։