ԵՐԵՄԻԱ 31:1-14

ԵՐԵՄԻԱ 31:1-14 ՆՎԱԱ

«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։ Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։ Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։ Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։ Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։ Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։ Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։ Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։ Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։ Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։ Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքով»,- ասում է Տերը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում