ԵՐԵՄԻԱ 3

3
Անհավատարիմ Իսրայելը
1«Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։ 2«Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։ 3Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։ 4Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. “Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը”։
5Մի՞թե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի. ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։
Իսրայելը և Հուդան պետք է զղջան
6Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։ 7Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։ 8Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։ 9Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։ 10Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։
11Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։ 12Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։ 13Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։- 14Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։ 15Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։ 16Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. "Տիրոջ ուխտի տապանակը", և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։ 17Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։ 18Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին”։
Աստծու ժողովրդի կռապաշտությունը
19Ես ասացի. “Ինչպե՜ս կուզենայի քեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը”։ Եվ խորհեցի՝ դու ինձ “Իմ Հայր” կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։ 20Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։
21Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։
22«Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։
«Ահա մենք դեպի քեզ ենք գալիս, որովհետև, ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը։ 23Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։ 24Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը#3.24 Այսինքն՝ չաստվածը կամ կուռքը։ կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։ 25Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում