ԵՐԵՄԻԱ 16

16
Աստծու կամքը Երեմիայի կյանքի համար
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։ 3Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին. 4«Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ 5Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։ 6Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու#16.6 Որպես սգի նշան՝ սուր գործիքով սեփական մարմինը կտրատելու և գլխի մազերը խուզելու սովորությունն արգելված էր օրենքով (տե՛ս Ղևտ. 19.28, Բ Օր. 14.1 նրանց համար։ 7Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը#16.7 Հատուկ բաժակ, որ կոչվում էր այդպես, որից բոլոր սգակիրները խմում էին։։ 8Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։ 9Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։ 10Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել#16.10 Բռց. ասել կամ խոսել։ մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”, 11այդ ժամանակ դու նրանց ասա՛. “Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։ 12Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։ 13Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու”»։
Վերադարձ աքսորից
14«Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,- 15այլ՝ “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց”։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։
Գալիք պատուհասը
16«Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։ 17Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։ 18Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։
19Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։
20«Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։ 21Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում