ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:18-40

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:18-40 ՆՎԱԱ

Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով, մինչև գնամ իմ տեղը"։ Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։ Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։ Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։ Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։ Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։ Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։ Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։ Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։ Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։ Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։ Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես, և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։ Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։ Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։ Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։ Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։ Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։ Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։ Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։ Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։