Հակոբոս 5:1-11

Հակոբոս 5:1-11 ՆՎԱԱ

Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։ Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։ Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։ Երկրի վրա շքեղ ապրեցիք ու վայելեցիք, ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար։ Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։ Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։ Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։ Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։