ԵՍԱՅԻ 49:13-26

ԵՍԱՅԻ 49:13-26 ՆՎԱԱ

Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։ Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։ Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։ Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։ Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։ Զրկանքի ժամանակ ծնած որդիները քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։ Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։ Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։ Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի գերյալը կազատագրվի՞»։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։ Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։