Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։ Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։ Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։ Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։ Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։ Նա ասում է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։
Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։ Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։ Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։ Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։ Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։