«Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։ Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն, որին ընտրել եմ, որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։ Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։ Այս մեկը պիտի ասի. "Ես Տիրոջն եմ", այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. "Տիրոջն եմ պատկանում", և մականվանվի Իսրայելի անունով”։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։ Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։ Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։
Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։ Ո՞վ է աստված կերտում կամ կուռք ձուլում, որոնք անօգուտ բաներ են։ Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։ Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։ Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։ Իր համար մայրիներ է կտրում, վերցնում է թեղոշ ու կաղնի և իր համար աճեցնում անտառում կամ մի եղևնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։ Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նա դրանից աստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։ Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։ Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։ Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։