ԵՍԱՅԻ 40:1-17

ԵՍԱՅԻ 40:1-17 ՆՎԱԱ

«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։ Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։ Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։ Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը, ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։ Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։ Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։ Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։ Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։ Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։ Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։ Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։