ԱՆԳԵ 1:5-11

ԱՆԳԵ 1:5-11 ՆՎԱԱ

Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, և վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։ «Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք, բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։ Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։ Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա և երկրի ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա և ձեռքերի ամբողջ վաստակի վրա»։