ԾՆՆԴՈՑ 7:13-24

ԾՆՆԴՈՑ 7:13-24 ՆՎԱԱ

Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։ Նրանք և բոլոր կենդանիներն ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն ըստ իրենց տեսակի, ամեն տեսակ թևավոր թռչուն մտան տապան՝ Նոյի մոտ, զույգ-զույգ բոլոր էակներից, որոնց մեջ կյանքի շունչ կա։ Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին։ Ապա Տերը դուռը փակեց նրա ետևից։ Քառասուն օր ջրհեղեղ եղավ երկրի վրա. ջրերը շատացան, տապանը վեր հանեցին, և այն բարձրացավ երկրից։ Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա, և տապանը լողաց ջրերի երեսին։ Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։