ԾՆՆԴՈՑ 6:11-22

ԾՆՆԴՈՑ 6:11-22 ՆՎԱԱ

Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։ Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Տապանին տանիք կշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։ Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։ Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ Բոլոր անասուններից և բոլոր էակներից՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։ Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։