ԾՆՆԴՈՑ 48:8-19

ԾՆՆԴՈՑ 48:8-19 ՆՎԱԱ

Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»։ Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։ Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին, և չէր կարողանում տեսնել։ Հովսեփը նրանց մոտեցրեց նրան. Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։ Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց»։ Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։ Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից, ու մոտեցրեց նրան։ Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։ Նա օրհնեց Հովսեփին և ասաց. «Այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեց ինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր, Այն Հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին. սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով և երկրի վրա թող շատ բազմանան»։ Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն. նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։ Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։ Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։