ԾՆՆԴՈՑ 42:1-20

ԾՆՆԴՈՑ 42:1-20 ՆՎԱԱ

Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»։ Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։ Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։ Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։ Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։ Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։ Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։ Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ՝ ասելով, թե դուք լրտեսներ եք։ Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ Ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր ասածների մեջ ճշմարտություն կա՞. եթե ոչ, փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք»։ Եվ երեք օր բանտարկեց նրանց։ Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ. եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։