ԾՆՆԴՈՑ 32:1-21

ԾՆՆԴՈՑ 32:1-21 ՆՎԱԱ

Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։ Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։ Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։ Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։ Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։ Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։ Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝ մտածելով. «Եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի»։ Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։ Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։ Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։ Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։ Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց. երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ, երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։ Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։ Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմ ծառան ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդ գնացող այս հոտը”, այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։ Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։ Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։ Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղիում։