ԾՆՆԴՈՑ 30:1-24

ԾՆՆԴՈՑ 30:1-24 ՆՎԱԱ

Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակներ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և ասաց Հակոբին. «Որդինե՛ր տուր ինձ, եթե ոչ, կմեռնեմ»։ Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։ Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։ Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։ Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։ Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան դրեց։ Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։ Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց։ Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը Գադ դրեց։ Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։ Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր դրեց։ Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։ Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։ Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։ Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։ Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար դրեց։ Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։ Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց։ Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։ Նա հղիացավ, մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»։ Եվ նրա անունը Հովսեփ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։