Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։ Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, հանդիպեցրո՛ւ նրան ինձ այսօր և ողորմությո՛ւն արա իմ տիրոջը՝ Աբրահամին։ Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։ Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։ Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։ Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։ Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։ Նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ». և սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։ Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։ Եվ սափորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ և դարձյալ վազեց ջրհորի մոտ՝ ջուր քաշելու, և նրա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։ Բայց այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերն իր ճանապարհը հաջողեցրե՞լ է, թե՞ ոչ։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 24
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 24:11-21
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր