ԾՆՆԴՈՑ 24:1-10

ԾՆՆԴՈՑ 24:1-10 ՆՎԱԱ

Աբրահամը ծեր էր և իր օրերն անցկացրած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ, և ես քեզ երդում եմ տալիս Տիրոջով՝ երկնքի Աստծով և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես, այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»։ Ծառան ասաց նրան. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ. արդյոք քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»։ Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։ Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։ Իսկ եթե կինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։ Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և երդվեց նրան այդ բանի համար։ Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։