ԾՆՆԴՈՑ 21:8-21

ԾՆՆԴՈՑ 21:8-21 ՆՎԱԱ

Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։ Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։ Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։ Այս բանը Աբրահամին շատ դժվար թվաց իր որդու պատճառով։ Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքիդ դժվար չերևա. ամենը, ինչ որ Սառան ասել է քեզ քո տղայի և աղախնի համար, լսի՛ր նրա խոսքը, որովհետև Իսահակով է քեզ սերունդ կոչվելու։ Աղախնի որդուց էլ ես մի ազգ կանեմ, որովհետև քո սերունդն է նա»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։ Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։ Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։ Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում