ԾՆՆԴՈՑ 17:1-27

ԾՆՆԴՈՑ 17:1-27 ՆՎԱԱ

Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. «Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։ Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։ Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն՝ Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։ Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր իմ ուխտը, դու, և քեզնից հետո՝ քո սերունդն իր սերունդներում։ Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն. ուրեմն թլփատե՛ք ձեր անթլփատ մարմինը. դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։ Ձեր բոլոր սերունդների մեջ ութ օրական ամեն արուն թլփատվի, ընդոծինը, արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։ Քո ընդոծինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլփատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։ Անթլփատ արուն, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, պիտի կորչի իր ժողովրդի միջից, որովհետև նա անարգած կլինի իմ ուխտը»։ Աստված ասաց Աբրահամին. «Քո կնոջը՝ Սարային, Սարա չասես, այլ Սառա կլինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։ Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞»։ Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրեր քո առաջ»։ Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։ Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։ Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ»։ Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։ Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։ Իր որդին՝ Իսմայելը, տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը։ Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ Իր հետ թլփատվեցին իր տան բոլոր մարդիկ՝ իր ընդոծինները և օտարականներից արծաթով գնվածները։

ԾՆՆԴՈՑ 17:1-27 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում