Գաղատացիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ առաքյալ ոչ թե մարդկանցից և ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի ու Հայր Աստծու կողմից, որ մեռելներից հարություն տվեց նրան, 2և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ. 3շնորհ և խաղաղություն ձեզ Հայր Աստծուց ու մեր Տեր Հիսուս Քրիստոսից, 4որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։ 5Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։
Ուրիշ Ավետարան չկա
6Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ 7Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ 8Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ 9Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի»։
10Արդ հիմա մարդկա՞նց եմ ձգտում, թե՞ Աստծուն, կամ ուզում եմ մարդկա՞նց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։
11Տեղեկացնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, այն Ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ, 12որովհետև ես ոչ թե մարդուց ստացա այն կամ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ ինձ տրվեց։
Պողոսը կանչվում է առաքելության
13Քանի որ դուք իմ՝ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի և կործանում այն։ 14Հրեության մեջ ինձ ազգակից հասակակիցներից շատերից առաջադեմ էի և իմ հայրենի ավանդույթներին առավել նախանձախնդիր։ 15Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել՝ 16հայտնելու իր Որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ ես անմիջապես որևէ մեկից խորհուրդ չհարցրի 17և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։ 18Այնուհետև երեք տարի հետո Երուսաղեմ ելա՝ Պետրոսին տեսնելու. տասնհինգ օր նրա մոտ եղա։ 19Առաքյալներից մեկ ուրիշի չտեսա, բացի Տիրոջ եղբայր Հակոբոսից։ 20Բայց ինչ որ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ սուտ չէ։ 21Հետո Ասորիքի և Կիլիկիայի կողմերը եկա։ 22Ես անձամբ անծանոթ էի Հրեաստանում Քրիստոսի եկեղեցիներին։ 23Միայն լսել էին, թե՝ «Նա, որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հավատն է քարոզում, որ առաջ կործանում էր»։ 24Եվ ինձանով փառավորում էին Աստծուն։

Արդեն Ընտրված.

Գաղատացիներին 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում