Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։ Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։ Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։
Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։ Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան.
«Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։ Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։ Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։ Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։ Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։ Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։ Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։ Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։ Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։ Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։