ԵԶՐԱՍ 4:6-24

ԵԶՐԱՍ 4:6-24 ՆՎԱԱ

Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։ Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։ Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։ Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։ Եվ մնացած ազգերը, որոնց մեծ և պատվական Ասենափարը տեղափոխեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և մյուսները, որ Գետի այս կողմում են և այլն։ Ահա այն նամակի պատճենը, որ ուղարկեցին նրան. «Արտաշես թագավորիդ. քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս և այլն։ Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։ Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։ Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ, որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։ Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։ Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին. «Ողջույն և այլն։ Նամակը, որ մեզ էիք ուղարկել, հայտնապես կարդացվեց իմ առջև։ Եվ ես հրամայեցի, և որոնեցին ու գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից ընդդիմացել է թագավորներին, և դրա մեջ ապստամբություն ու դավաճանություն է եղել։ Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։ Այժմ հրամայե՛ք, որ այդ մարդկանց արգելեն, և այդ քաղաքը չշինվի, մինչև որ իմ կողմից հրաման չտրվի։ Եվ զգո՛ւյշ եղեք, որ այս մասին անհոգ չլինեք. ինչո՞ւ չարիքը մեծանա թագավորներին վնասելու համար»։ Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Հռեումի և Սամսա ատենադպրի ու նրանց ընկերների առջև, իսկույն շտապելով գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնությամբ ու ուժով խանգարեցին նրանց։ Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։