ԵԶԵԿԻԵԼ 46

46
Իշխանը և տոները
1Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրը#46.1 Այսինքն՝ Նորալուսնի օրը։ բացվի։ 2Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։ 3Եվ երկրի ժողովուրդն այդ դարպասի մուտքին Տիրոջ առաջ երկրպագություն պիտի անի շաբաթ օրերին և ամսագլուխներին։
4Եվ իշխանի ողջակեզը, որ շաբաթ օրը պիտի մատուցի Տիրոջը վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ է։ 5Եվ իբրև հացի ընծա՝ մեկ արդու՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ յուրաքանչյուր արդուի համար։ 6Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։ 7Եվ մեկ արդու՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու մեկ խոյի համար պիտի մատուցվի իբրև հացի ընծա, իսկ գառների համար՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։
8Եվ երբ իշխանը գա դարպասի նախասրահի ճանապարհով, պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գնա։ 9Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։ 10Եվ երբ նրանք մտնում են, իշխանը նրանց հետ թող մտնի, և երբ դուրս են գալիս, դուրս գա։
11Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու է մեկ ցլիկի և մեկ արդու՝ մեկ խոյի համար, իսկ գառներին՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։ 12Եվ երբ իշխանը կամավոր ընծա մատուցի Տիրոջը՝ ողջակեզ կամ խաղաղության զոհ՝ որպես կամավոր զոհ, այն ժամանակ նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը կամ իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը. ապա դուրս կգա, և դուռը թող փակեն նրա դուրս գալուց հետո։
Ամենօրյա ողջակեզ
13Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։ 14Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։ 15Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։
Իշխանի որդիների ժառանգությունը
16Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, այն նրա ժառանգությունն է, նրա որդիներինը պիտի լինի. նրանց սեփականությունն է ժառանգությամբ։ 17Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրա#46.17 Այսինքն՝ իշխանի։ ժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։ 18Եվ իշխանը ժողովրդի ժառանգությունից չպիտի վերցնի՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. նա ժառանգություն պիտի տա իր որդիներին իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր սեփականությունից»։
Տաճարի խոհանոցները
19Եվ դարպասի մոտ եղող մուտքով ինձ տարավ դեպի քահանաների սուրբ սենյակները, որոնք դեպի հյուսիս էին նայում։ Եվ ահա այնտեղ մի տեղ կար հետևի կողմերում՝ դեպի արևմուտք։ 20Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագի միսը, որտեղ հացի ընծան պիտի թխեն, որպեսզի արտաքին գավիթը չտանեն ու ժողովրդին չսրբացնեն»։
21Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց չորս անկյուններից, և ահա գավիթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար։ 22Գավիթի չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն՝ լայնությամբ. այն չորսը մի չափի էին։ 23Եվ նրանց չորսի շուրջն էլ շուրջանակի մեկ որմածք կար, որը սարքված էր եփարաններով՝ շարքերի տակ՝ շուրջանակի։ 24Ապա ինձ ասաց. «Սրանք եփարաններն են, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհը»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 46: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում