ԵԶԵԿԻԵԼ 37:4-14

ԵԶԵԿԻԵԼ 37:4-14 ՆՎԱԱ

Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։ Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։ Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։ Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ"”»,- ասում է Տերը։