ԵԶԵԿԻԵԼ 35

35
Աստծու պատիժը Եդովմին
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ 3և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր սար, և իմ ձեռքը քեզ վրա եմ մեկնում. քեզ ամայի ու ավերակ պիտի դարձնեմ։ 4Քո քաղաքները պիտի ավերեմ, և դու ամայություն պիտի դառնաս ու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը։
5Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ"”։ 6Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։ 7Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։ 8Եվ նրա սարերը նրա սպանվածներով պիտի լցնեմ, և բլուրներիդ, հեղեղատներիդ ու բոլոր ձորերիդ մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն։ 9Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։
10Որովհետև դու ասացիր. “Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց”, թեև Տերն այնտեղ էր։ 11Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։ 12Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։ 13Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։
14Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։ 15Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 35: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում