Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։
Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։ Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք միսը արյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։ Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին"”։ Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"”»։
«Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։ Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։ Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։