ԵԼՔ 1

1
Եգիպտացիների անգթությունը
1Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։ 2Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա, 3Իսաքար, Զաբուղոն և Բենիամին, 4Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ 5Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին։ Հովսեփն էլ Եգիպտոսում էր։ 6Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։ 7Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։
8Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ 9Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ 10Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ 11Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ 12Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ 13Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։ 14Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։
15Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։ 16Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։ 17Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։ 18Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։ 19Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։ 20Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։ 21Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։ 22Փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Ծնված ամեն տղայի գե՛տը նետեք, իսկ ամեն աղջկա ո՛ղջ թողեք»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում