Եփեսացիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին. 2Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ և խաղաղություն ձեզ։
Հոգևոր օրհնություն Քրիստոսով
3Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, 4ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ 5Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, 6որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։ 7Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, 8որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։ 9Իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր. 10որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա։ 11Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, 12որպեսզի իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ 13Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, 14որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։
Պողոսի աղոթքը
15Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, 16ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով, 17որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, 18որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, 19և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ 20Նա այն Քրիստոսով գործադրեց՝ նրան մեռելներից հարություն տալով, և նրան նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում, 21ամեն իշխանությունից և պետությունից, զորությունից և տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ 22Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, 23որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։

Արդեն Ընտրված.

Եփեսացիներին 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում